Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը մայիսի 21-ին պաշտոնական այցով կժամանի Հայաստան։ Նույն օրը ՀՀ ԱԳՆ-ում տեղի կունենա Ռուսաստանի և Հայաստանի արտգործնախարարների համատեղ մամուլի ասուլիսը։               
 

Տհաճ իրողություններ, որոնք պատիվ չեն բերում

Տհաճ իրողություններ,  որոնք պատիվ չեն բերում
18.02.2014 | 11:19

Զանգվածային լրատվամիջոցներում բավական հետաքրքիր զարգացումներ են խմորվում մենասահքում Եվգենի Պլյուշչենկոյի այդպես էլ չունեցած մրցելույթի շուրջ, իսկ կրակի վրա պակաս յուղ չեն լցնում մասնագետներն ու իրազեկվածները, ովքեր նորանոր բացահայտումներ են անում եղածի կապակցությամբ:


Ի՞նչն է խնդիրը:
Ի սկզբանե որոշված էր, կանոնակարգով հաստատված, որ օլիմպիադա էր մեկնելու Ռուսաստանի առաջնությունում հաղթած մարզիկը: Սակայն Պլյուշչենկոն պարտվեց Մաքսիմ Կովտունին: Սա ավելի քան տհաճ անակնկալ էր ոչ միայն աշխարհահռչակ մարզիկի, այլև նրա նույնքան աշխարհահռչակ մարզիչ Ալեքսեյ Միշինի համար, իսկ հայրենիքում ընթանալիք օլիմպիադային մասնակցելն իսկապես գերխնդիր էր, մարզական, գուցե նաև մարզչական կարիերան ավելի քան շռնդալից ավարտելու փայլուն հնարավորություն:
Օգտագործելով իր ու իր սանի ահռելի մեծ հեղինակությունն ու կապերը` Միշինը հասավ նրան, որ, ի դեմս Եվրոպայի առաջնության, որոշում ընդունվեց տասնութամյա Կովտունի համար կազմակերպել ևս մեկ փորձնական ելույթ, որից հետո, ի դեպ, վճռվելու էր ոչ թե նրա մասնակցության հարցը թե՛ թիմային, թե՛ անհատական առաջնությանը, այլ բացառապես անհատականին (բնականաբար Միշինի թեթև ձեռքով Պլյուշչենկոն մնում էր տանն ու հանգիստ պայմաններում նախապատրաստվում օլիմպիադային): Կարճ կապելով ասենք, որ երիտասարդ մարզիկը չդիմացավ նյարդային լարվածությանն ու ձախողեց Եվրոպան, մինչդեռ Պլյուշչենկոն հատուկ իր համար կազմակերպված մրցելույթի փակ դիտման ժամանակ Ռուսաստանի մարզական բոսերին ապացուցեց իր ավելի արժանի լինելու իրավունքը:
Օլիմպիական թիմայինում մարզիկը կարողացավ ծանրակշիռ ներդրում ունենալ ռուսական թիմային ոսկե մեդալում, սակայն խոշոր հարց էր մնում` կկարողանա՞ մեդալային ելույթ ունենալ նաև անհատականում:
Ինչու ենք այսպես ասո՞ւմ:
Շատ պարզ պատճառով: Մրցումներն ահռելի ֆիզիկական ու հոգեբանական լարվածություն են պահանջում: Եթե անգամ հոգեբանականն էլ թողնենք մի կողմ, լուրջ խնդիր էր մարզիկի ֆիզիկական պատրաստվածության հարցը, առավել ևս նրա տարիքում (Պլյուշչենկոն երեսունմեկ տարեկան է): Առավել ևս նրա բազմաթիվ վնասվածքների ֆոնի վրա, իսկ ոչ լրիվ մեկ տարի առաջ մարզիկը ողնաշարի այնպիսի ծանր վիրահատություն էր տարել, որից հետո լավագույն արդյունք է համարվում, եթե մարդը կարողանում է առհասարակ նորմալ քայլել:
Պլյուշչենկոն թիմայինի մակարդակով կարողացավ հրաշքն իրականություն դարձնել, ու մնում է միայն խոնարհվել նրա մարզական խիզախման առաջ, սակայն այդ նույնն անել նաև երեք-չորս օրվա ընդմիջումից հետո, դժվար էր հավատալ, որքան էլ հավաստիացումները հնչում էին հարյուր տոկոսի վստահությամբ:
Ինչևէ: Հրաշքը չկայացավ, իսկ արդյունքում նորից ջրի երես ելան խոսակցություններն առ այն, թե Պլյուշչենկոյի ու Կովտունի ընտրության հարցում ինչու չպահպանվեց մարզական սկզբունքը, ինչու առաջինին վստահվեց թե՛ անհատականում, թե՛ թիմայինում երկիրը ներկայացնելու պատիվը և այլն, և այլն:
Եթե մինչև վերջ անկեղծ լինենք, շատ ավելի տհաճն ուրիշ բան է:
Մի կողմից՝ ասում են, թե նոր մարզիկ հայտավորելու ժամանակ չեն ունեցել, մյուս կողմից՝ պարզվում է, որ լավ էլ ունեցել են: Մի կողմից՝ ասում են, թե Պլյուշչենկոյին Կովտունով չէին կարող փոխարինել, քանի որ վերջինս պատրաստ չէր առաջնությանը, մյուս կողմից էլ պարզվում է, որ մարզիկը լավ էլ պատրաստ էր առաջնությանը և մինչև վերջին վայրկյանը եղել է մարզական կազմ ու պատրաստ վիճակում: Մի կողմից՝ ասում են, թե Կովտունի որտեղ լինելու մասին տեղյակ չեն եղել, մյուս կողմից էլ պարզվում է, որ լավ էլ տեղյակ էին նրա որտեղ գտնվելուն: Իսկ այս ամենի մեջ ամենատգեղն այն է, որ այս գզվռտոցների առանցքում հայտնվել է նաև Եվգենի Պլյուշչենկոն` գիտակցված թե չգիտակցված, իրար հակասող իր հայտարարություններով: Մինչդեռ, թույլ տվեք ասել, ափսոս էր, ափսոս է մարզիկը:

ՄԱՐՏԻՆ ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 977

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ